
222 դիտում
Ամառային շոգը կարող է ազդել ոչ միայն մաշկի, այլև մազերի առողջության վրա։
Ամռան ամիսներին մազերը և գլխամաշկը ենթարկվում են միաժամանակ մի քանի արտաքին գործոնների ազդեցությանը՝ ինտենսիվ արևային ճառագայթում, բարձր ջերմաստիճան, քամի, ծովի աղի ջուր և լողավազանների քլորացված ջուր։ Այս գործոնները կարող են աստիճանաբար թուլացնել մազերի կառուցվածքը՝ նպաստելով դրանց չորացմանը, փխրունությանը, փայլի կորստին և նույնիսկ մազաթափության ուժեղացմանը։
Ինչպե՞ս է արևը վնասում մազերը։
Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթները վնասում են մազի արտաքին պաշտպանիչ շերտը՝ կուտիկուլը։ Արդյունքում մազը կորցնում է իր հարթ մակերեսը, դառնում է ավելի կոպիտ, խճճվող և հակված կոտրվելու։
Արևի երկարատև ազդեցությունը կարող է քայքայել մազի բնական պիգմենտը՝ մելանինը, ինչի հետևանքով մազերը կորցնում են իրենց բնական գույնն ու փայլը, իսկ ներկված մազերի դեպքում գույնն ավելի արագ է խամրում։
Բարձր ջերմաստիճանը նպաստում է գլխամաշկից և մազերից խոնավության արագ գոլորշիացմանը։ Խոնավության պակասը կարող է առաջացնել գլխամաշկի չորություն, գրգռվածություն, թեփոտում, իսկ մազերը դարձնել ավելի բարակ և փխրուն։
Ծովի աղի ջուրը և լողավազանի քլորը կարող են լրացուցիչ չորացնել մազերը՝ վնասելով դրանց պաշտպանիչ շերտը և մեծացնելով արտաքին ազդեցությունների նկատմամբ զգայունությունը։
Մազերի ավելի հաճախակի լվացումը, որն ամռանը սովորական երևույթ է, կարող է հեռացնել գլխամաշկի արտադրած բնական ճարպային շերտը (սեբումը)։ Այս շերտը բնական պաշտպանություն է ապահովում մազերի համար, իսկ դրա կորուստը կարող է նպաստել մազերի չորացմանն ու կառուցվածքային վնասմանը։
Առողջ և ամուր մազերը պահանջում են խնամք ամբողջ տարվա ընթացքում, սակայն ամռանը դրանք հատկապես զգայուն են արտաքին գործոնների նկատմամբ։ Ժամանակին և ճիշտ խնամքը կօգնի պահպանել մազերի ամրությունը, խտությունը և բնական փայլը նույնիսկ ամենաշոգ օրերին։
Նյութը՝ Ալֆա Ֆարմ